Արայիկ Մանուկյանը գրում է․ «Ինձ շա՜տ հարազատ, մտերիմ մարդու, իմ շա՜տ լավ ընկերոջ, իմ շա՜տ սիրելի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է այսօր: Այս զրույցը ես Հասմիկի հետ արեցի ճիշտ ինը տարի առաջ՝ մի ամբողջ հավերժություն: Շատ բան փոխվեց մեր կյանքում այս անցած ինը տարիներին: Փոխվեց կյանքն ինքնին, փոխվեց աշխարհը, փոխվեցին մարդկային հարաբերությունները, բայց Հասմիկը չփոխվեց՝ նույն նվիրյալ անձը, նույն անկեղծությամբ, մարդկային հարաբերություններում՝ նույն ազնվությամբ, նույն նրբանկատությամբ, նույն անդավաճանությամբ:

Վերջին տարիներին կրկին փոթորկվեց Հայաստանը՝ փոփոխության հույսեր, անդառնալի կորուստներ, պարտություններ, անկումային տրամադրություններ, սիրո և ատելության անընդհատ, անվերջ բախումներ, բայց Հասմիկը մնաց նույնը՝ իր սկզբունքներում՝ անսակարկ, իր նվիրումներում՝ հաստատ, իր ոգևորություններում՝ անսպառ, իր հաղթանակներում՝ լուռ, իր պարտություններում՝ խոստովանող և ինքնանվիրումի, սիրո, երկրասիրության իր ընկալումներում, իր չափումներում: Ինչո՞ւ այս տարիներին նոր զրույց չարեցի Հասմիկի հետ:

Այս մասին միշտ մտածել եմ: Բայց հասկացա, որ Հասմիկի Հայաստան վերադարձի, նրա՝ փոխելու, նոր բան անելու, ունեցածը տալու, փոխանցելու, համախմբելու, նշաձողեր սահմանելու լեցուն օրերի, Հայաստանը շա՜տ յուրահատկորեն սիրելու, հայ մշակույթը շա՜տ յուրահատկորեն ընկալելու նրա կերպի, ու այս ամենի մասին մեր հաճախակի երկա՜ր, մտերմի՜կ զրույցների, անվերջ թվացող գործերի, անվերջ թվացող հոգսերի մեջ, Հասմիկի մեծ գործերով հիացումների փոքրիկ անդրադարձերի մեջ, դժվարություններն ու պատնեշները հաղթահարելու երբեմն մեկտեղված ջանքերի մեջ, փոփոխությունների դեմն առնելու անթաքույց ու բացորոշ կանգնածներին շրջանցելու ճիգերի մեջ մի տեսակ սպառվում ես:

Բայց քանի որ Հասմիկը սպառվելուն հակոտնյա տեսակ է, մի օր նորից կզրուցենք ոչ միայն մեզ համար: Շնորհավորում եմ Հասմիկ ջան: Գիտեմ, որ կարևորություն չես տալիս այս օրվան. սա էլ է տեսակի խնդիր: Երանի՜ քո բոլոր մտածումներն ու երազանքները իրականություն դառնան:

Երանի՜ քո բոլոր ծրագրերն ու նպատակները իրականություն դառնան ու մենք այն Հայաստանում լինենք, որը դու ես տեսնում: Այո, «Հայի ապագան Հայաստանն է» ու այդ Հայաստանը նաև քեզնով է Հայաստան»։ Զրույցը՝ կից։