Դեռ առավոտյան հիշել ու նշել էինք, որ այսօր Մարկ Սաղաթելյանի ծննդյան հիսնամյա տարեդարձն է, որը, ցավոք սրտի, նշանավորում ենք առանց սիրված արտիստի ֆիզիկական ներկայության։ Նրան այսօրվա առթիով հիշել են շատերը։

Հայտնի երգիչներից Թաթա Սիմոնյանը այն շատերից մեկն է, որ սիրելի ընկերոջ ծննդյան տարեդարձի առիթով տեղադրել է նրա և այլ ընկերների հետ արված լուսանկարներ ուրախ ժամանակներից և հուզիչ գրառում է արել։

Թաթա Սիմոնյանը գրել է հետևյալը․ «Սեպտեմբերի 1-ին Մարկը կդառնար 50 տարեկան: Բազում մտքեր, նախագծեր, չապրած օրեր, որոնք դեռ պետք է հասցներ, բայց ճակատագիրն այլ ընթացք տվեց մեր ընկերոջ կյանքին:

Սփոփում է այն, որ Մարկին հիշում ենք ոչ միայն մենք` նրա ընկերներն ու բարեկամները, այլ նաև հանդիսատեսը, Հայաստանի և Սփյուռքի մեր ժողովուրդը:

Հիշատակդ վառ և ծնունդդ շնորհավոր, Մարկ ջան»,- սիրելի ընկերոջ մասին իր կարոտագին ու հուզառատ խոսքերն ավարտել է Թաթա Սիմոնյանը։