«Էդ փայլուն-մայլուն մետաղի ջարդոնի վրա ծախսել եմ ինձ տրված ամենաթանկ բանը՝ կյանքը»

Հենրիկ Պիպոյանը գրել է․ «Նայում եմ ինձ հայելու մեջ. արդեն կեսից շատ հիշողություն եմ։ Բաճկոնս ձգում ու կոճկում եմ, հիշողությունները կծկվում են, իրար սեղմվում ու հարմար տեղավորվում բաճկոնի տակ, ինչպես շորերը՝ ճամպրուկի մեջ։ Հիմա օրը դարձել ա ուխտագնացություն դեպի անցյալ, հուշերը սրբավայրերի նման վեր են խոյանում ճանապարհին՝ անթիվ-անհամար հուշեր՝ տարբեր տեսակի, տարբեր գույների, տարբեր հոտերի․․․

Ամեն անցնող օրվա հետ սրբավայրերը շատանում են, իսկ կյանքը՝ փոքրանում, կծկվում, արդեն էնքան ա փոքրացել, որ հանգիստ կտեղավորվի գրպանիս մեջ։ Երբ փողոցի տեսախցիկներն էլ ինձ չեն նկատի, ես կքայլեմ փողոցում, կմոտենամ ամենահարուստ բանկին, հանգիստ կանցնեմ զինված պահակների կողքով, բոլոր փակ զրաhապատ դռների ու պատերի միջով ու կմտնեմ բանկի սրբությունը սրբոց՝ գանձարանը։

Այդտեղ գետնին դարսած են ոսկու ձուլակտորներն ու մինչև առաստաղ հասնող թղթադրամները՝ տարբեր արժույթների, տարբեր մարդկանց դիմանկարներով։ Կկանգնեմ ու կնայեմ էդ հարստությանը՝ հանգիստ, անտարբեր։ Կնայեմ ու անգամ ձեռքս չեմ պարզի, որ դիպչեմ դրանց։ Դրանք էն աստիճանի ոչինչ չեն նշանակի, էնքան զրո կլինեն, որ անգամ զրո թիվը կափսոսամ՝ էդ հարստությունը գնահատելու համար։

Ոչ մի զգացում չի ծնվի մեջս բացի ափսոսանքից, որ դրանք ինչ-որ ժամանակ ինչ-որ բան են նշանակել իմ համար, ու էդ ծիծաղելի թղթի կտորների, էդ փայլուն-մայլուն մետաղի ջարդոնի վրա ծախսել եմ ինձ տրված ամենաթանկ բանը՝ կյանքը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: