Սոնա Ռուբենյանը գրում է․ «Հերոս Շանթ Նավոյանի նոթատետրից։ Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջացնել կրակելու համար: 80 կգ արկերը իջացնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա:

Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին մեքենայից արկ իջացնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշքն ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր:

Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ բոլորը լավ են։ Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար, արկը ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել։

Հիմա նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից: Իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին»: