Լրագրող Սագո Արեյանը, համապատասխան տեսանյութը դնելով, գրում է․ «Ո՞ւր հասցրին Լիբանանն ու լիբանանցիներին։ Անդունդի եզրի՞ն, սովի դռա՞նը կամ թե՞ ներքին քաոսի ճամփին։ Անցնող օրերին համացանցի միջոցով տարածված այս տեսանյութը բոլոր առումներով մտահոգիչ է։

Երկու քաղաքացիներ հանրախանութում վիճում են, որ ո՞ւմ բաժին կհասնի փոշի կաթի վերջին տոպրակը։ Երկուսն էլ բնականաբար գումարով պիտի ստանան այդ կաթի փոշին, բայց խնդիրն այն է, որ տնտեսական ծանր դրության հետևանքով առաջին օգտագործման ապրանքները սկսել են պակասել։

Տնտեսական շուկայի «կետ ձկներ»-ը դոլարի արժեքի անկասելի բարձրացման հետ մերժում, հրաժարվում են ապրանք ներմուծել, իսկ այն հաստատությունները, որ շուկան «կերակրելու» բավարար ապրանք ունեն «պահում են» այդ ապրանքները, որ վաղվա օրը ավելի թանկ վաճառեն։ Ու այս բոլորի առջև քաղաքացին մենակ է մնում և անզոր։

Բացահայտ է, որ արևմտյան խաղացողների կողմից Լիբանանի վզին նետված այս օղակը ավելի պիտի սեղմվի, մինչև այն պահը, որ քաղաքական լուծումների օրը գա։ Այդ, սակայն, շատ թանկ կարող է նստել Լիբանանի վրա, որ տարբեր ու հայտնի պատճառներով կարող է «բռնկվել» և Մերձավոր Արևելքի քաղաքական «առևտուր»-ի նժարի վրա մի նոր կշռաքար դառնալ։

Հ.Գ. Մի քիչ շատ «գրականոտ» եղավ գրառումս, ներեցեք դրա համար ու եթե մեկ խոսքով ասեմ, ապա պիտի գրեմ, որ Լիբանանը կանգնած է «սով»-ի մատնվելու մեծ վտանգի առաջ»։