Ավետիս Հարությունյանը գրում է․ «Երբ փոքր էի, միջին դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհին մամայիս դպրոց էր կանչել, որ իմ առաջադիմությունից բողոքի։ Դրանից մեկ օր առաջ ստուգողական շարադրություն էի գրել ու տողերի դասավորությունը խախտել էի ու վերնագրից շեղվել։ Իրականում փորձել էի ստանդարտից դուրս տեքստ գրել, ու հետաքրքիր մանկական պատմվածք էր ստացվել։

Մամայիս կանչեց դպրոց ու ասաց՝ ձեր տղան արդեն երեք հատ անբավարար ունի իմ առարկայից։ Հետո ասաց, որ իմ շարադրությունները կարդալուց սիրտը խառնում է, որ էս տեմպերով ես երբեք հայերեն խոսել ու գրել չեմ սովորի, որովհետև իմ գրած շարադրություններն իր սրտով չեն։ Դասերի ժամանակ միշտ ամենացածր գնահատականներն էի ստանում։ Դաս պատմելու ժամանակ էլ մի քիչ լսում էր ու ասում՝ նստի, դու երբեք հայերեն խոսել չես սովորի։

Իր շնորհիվ սկսեցի ատել գիրք կարդալը։ Ամառային արձակուրդներին տանել չէի կարողանում հանձնարարված ընթերցանությունը, որովհետև ձանձրանում էի ու հիասթափվում։ Հետաքրքիր չէր։ Ստանում էի անբավարար գնահատականներ ու ամբողջ դասարանի առաջ լսում ոնց են ինձ անգրագետ անվանում։ Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ էր: Կան երեխաներ, որոնք երևակայություն ունեն ու հայերենը տալիս է այդ տիեզերական կարողությունը` մտքի թռիչքը: Իսկ ուղղափառ մանկավարժությունը` մերժում:

Այս պատմությունն ունի իհարկե երջանիկ շրջադարձ. անշուշտ նորից սիրեցի կարդալը, հայերենը դարձավ իսկապես մայրենի, որով խոսում եմ, գրում ու հատկապես երազում: Ուղղակի ափսոս էր այդ աշակերտական մի քանի տարվա սթրեսը. կարող էր չլիներ: Եվ հուսով եմ, դա չի պատահել շատերի հետ: Որովհետև երազում թե արթմնի, մարդ իր մայրենիի հետ է: Հ.Գ. Խոսքն, իհարկե, Սեբաստացի կրթահամալիրի մասին չէ. մինչև դա այլ դպրոցում եմ սովորել: Սեբաստացի գալն իմ կյանքի լավագույն որոշումներից մեկն է եղել»։