«Եվ ահա օլիգարխ հոր բոլշևիկ որդին հեղափոխությունից հետո դառնում է դիվանագետ ու․․․»

Սևան Ղազարյանը գրում է․ «Հայ-ռուս-թուրքական հարաբերությունների եռանկյունին ամենացայտուն կերպով բնութագրել է Համո Օհանջանյանը, որ հետո դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ։ Ինչպես հայտնի է Խորհրդային Ռուսաստանը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։

Օհանջանյանը 1918 թ. աշնանը Բեռլինում հանդիպում է Ռուսաստանի դեսպան Ադոլֆ Իոֆֆեի հետ։ Իոֆֆեն ազդեցիկ բոլշևիկ էր, Տրոցկու մտերիմը, ծագումով՝ Ղրիմի թյուրքալեզու հրեա («կարաիմներ»), որ սեփական միջոցներով ֆինանսավորում էր «Պրավդա» թերթը։

Ճակատագրի հեգնանքով բոլշևիկ Իոֆֆեի հայրը ցարի օրոք միլիոնատիրոջ համբավ ուներ, վերահսկում էր Ղրիմի ողջ փոստային-տրանսպորտային համակարգն ու համարվում ցարական վարչապետ Սերգեյ Վիտտեի «սիրելի հրեան»։ Եվ ահա օլիգարխ հոր բոլշևիկ որդին հեղափոխությունից հետո դառնում է դիվանագետ ու գլխավորում խորհրդային պատվիրակությունը Բրեստ-Լիտովսկի բանակցություններում։

«Մենք ձեզ՝ հայերիդ,- ասում է Իոֆֆեն,- փրկում ենք կոտորածից եւ ոչնչանալուց եւ հիմա սպասում ենք, որ դուք խոսք չեք բարձրացնի անկախության մասին, ոչ էլ զանազան դրամներ կպահանջեք մեզնից, իբրեւ մի առանձին մարմին»։

«Երբ ես նրան ասացի,- գրում է Համո Օհանջանյանը,- որ ստացել եմ առաջարկություն արտաքին գործոց նախարարությունից բողոքելու այն բանի դեմ, որ Ռուսաստանը մեր անկախությունը չի ընդունում, ուղղակի կատաղեց եւ փրփուրը բերանին սկսեց ճառախոսել, որ մենք իրենց օգնելու փոխարեն՝ Հայաստանը փրկել տաճիկների կոտորածից, մտածում ենք անկախության մասին եւ մտածում ենք մեր դասակարգային մանր բուրժուական շահերն ապահովել հայ բանվորության եւ աշխատավոր գյուղացիության հանդեպ եւ այլն, եւ այլն:

Սկսվեց երկուս եւ կես ժամվա տաք վիճաբանություն, որից կարելի է գալ այն եզրակացության, որ այդ հաստագլուխներին ոչինչ չի կարելի հասկացնել, եւ նրանք անկախություն ընդունելու մասին, առանց դրսի ազդեցության, չեն էլ մտածի երբեք։ Դուրս եկանք ոչինչ չստացած եւ նույնիսկ մի բան էլ մենք պարտք մնացինք, որ խանգարում ենք իոֆֆեներին փրկել Հայաստանը Տաճկաստանի ճանկերից»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: