Եթե 10 տարի առաջ 80.000 դոլարով գնեիք Բյուզանդի հասցեում գտնվող մի բնակարան, ապա այսօր կունենայինք 280.000 դոլարանոց բնակարան․․․

Նարեկ Սարգսյանը գրել է․ «Անշարժ գույքի բրոկերներից մեկը իր վիդեոներից մեկում ասում է, որ եթե 10 տարի առաջ 80.000 դոլարով գնեիք Բյուզանդի հասցեում գտնվող մի բնակարան, ապա այսօր կունենայինք 280.000 դոլարանոց բնակարան։ Դեռ հարց է՝ թե քանի՞ ամսում կգտնվի գնորդ, որը պատրաստ կլինի 280 հզ դոլար վճարել այդ բնակարանի համար։ բայց ենթադրենք, թե այդպիսի գնորդ կգտնվի։

10 տարում 80 հզ-ից 280 հզ-ի հասնելը շա՞տ է թե՞ քիչ։ Պատասխանս հետևյալն է։ Եթե դու մարդ ես, որը 10 տարի առաջ 80.000-ով պիտի առներ որևէ պասիվ (օրինակ 80 հզ դոլարանոց մեքենա, կամ այլ թանկարժեք իրեր) և մսխեր այդ փողը, ապա մի՛շտ էլ ավելի լավ է գնել անշարժ գույք, որը՝ անկախ գների վայրիվերումներից տարիների ընթացքում թանկանում է (Եթե ավելի ճշգրիտ լինենք, ոչ այնքան անշարժ գույքն է թանկանում, որքան փողն է արժեզրկվում, բայց ինչևէ)։

Բայց եթե դու գիտես ներդնել, ապա 80.000-ը 280.000-ի վերածելը 10 տարում գրավիչ չէ։ Դա ընդամենը տարեկան 12 տոկոս է։ Բայց խնդիրը նույնիսկ տոկոսի թիվը չէ, այլ աճի երաշխիքը։ Բյուզանդի վրա գտնվող անշարժ գույքի գնի 12 տոկոս կայուն աճի երաշխիչ չկար ո՛չ 10 տարի առաջ, ո՛չ հիմա։ Եթե այդ բնակարանը շարունակի նույն տեմպերով թանկանալ, ապա 2033-ին կարժենա 870.000 դոլար։

Արդյո՞ք որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այդ բնակարանը 2033 թվականին 870.000 կարժենա։ Ես չեմ բացառում էդ հեռանկարը, բայց չէի երաշխավորի դա, ուստի եթե նույնիսկ 80 հզ դոլար ազատ միջոց ունենայի այդ բնակարանը չէի գնի։ Վստահ եմ սակայն, որ եթե այդ թանկացումը լինի, ապա այդ նույն բրոկերը 2033-ին վիդեո կնկարի և նույն տոնով կասի, որ «եթե 2023-ին Բյուզանդի վրա ներդնեիք 280 հզ, ապա հիմա կունենայիք 870.000 դոլարանոց բնակարան»։

Ուստի կարծում եմ վատ բիզնես գաղափար է հիմա 280.000 դոլարանոց բնակարան ձեռք բերելը նույն կերպ ինչ 10 տարի առաջ՝ 80 հզ-նոց բնակարանը։ Այլ հարց է, որ այդ բնարակարանը դուք ձեռք բերեք ոչ թե ձեր փոողով, այլ ուրիշի։ Բայց Հայաստանում ներկայումս գործող բանկային տոկոսները գրեթե անհնար են դարձնում այդ սցենարը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: