Գրող Վահրամ Մարտիորսյանը գրում է․ «4-րդ օրս Արցախի Սոս սահմանամերձ գյուղում, Մարտունու շրջան։ Մինչև էս օրվա տպավորությունս։ Արցախը հեշտ հանձնվելու երկիր չէ, դա մոռացեք։ «Խաղաղության դարաշրջանը» միայն Արցախի լուրջ կարգավիճակի դեպքում կարող է բացվել։ Արցախը մի տուն, մի գյուղ չէ։

Եթե նախորդ պատերազմին կիլոմետրերի համար են մարտեր մղվել, հաջորդից չխուսափելու դեպքոմ, կռիվը լինելու է ամեն մետրի համար։ Արցախում ամեն քայլափոխի շինարարություն է, դիրքերը ամրացվում են, հարսանիքներ են տեղի ունենում, որտեղ «մակարները» փեսայի ծառայակիցներն են։ Սա չեմ ասում, որ անհիմն լավատեսություն ներշնչեմ/ներշնչենք արցախցիներին, այլ որ սոցցանցային կականից, քաղաքական հիստերիաներից դուրս ոգի տանք՝ մարդ են, քար չեն։

Յանա Ավանեսյանը կրթաթոշակ է շահել ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկում, նամակ է գրել, որ թույլ տան հեռավար անցնի դասընթացը՝ եղբայրը դիրքապահ է, սիրտը էստեղ է լինելու։ Տիկին Մանուշ Վանյանը Սոսի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Գյուղի հիմնադիր 4 գերդաստաններից մեկից է սերում՝ Քյափունցներից, Գաբրիելենցից, տոհմիկ մանկավարժների, կենսաբան-գիտնականների ժառանգ է։

Նախ տնտեսագիտական կրթություն է ստացել Ստեփանակերտի համալսարանում, ապա՝ կենսաբանի։ Բժիշկ չի դարձել, որովհետև սրսկման հետ խնդիր ունի։ Հիմա մի կրթության շնորհիվ հմուտ կառավարում է դպրոցը, մյուս առարկան՝ դասավանդում։ Ամուսինը արցախյան պատերազմների մասնակից է, որդին վիրավորվել է 44-օրյային, դեռ լրիվ չի կազդուրվել։

Ես դպրոցը փողոցի կողմից էի նկարել։ Գնացի առաջին աշխատանքային օրը հատկապես տիկին Վանյանի հպարտությունը՝ ծաղկանոցը առանձին լուսանկարելու։) Իրոք սիրուն էին ծաղիկները, բայց ավելի տպավորիչ էին ընդարձակ դասասենյակները, որոնք մաքրում-պատրաստում էին ուսումնական տարվան։

Իսկ մարզադահլիճը, առանձին շենքում, ուղղակի հրաշալի էր՝ ես ինքս ավելի լավը չեմ տեսել երբևէ որևէ երկրում։ Տիկին Վանյանի հուշումով բարձրացա Սոսի բոլոր սրբավայրերը, որոնք բավական դժվարամատչելի էին՝ առանձին կպատմեմ, բայց հնարավորություն տվեցին նաև դպրոցը թռչնի թռիչքի բարձրությունից նկարելու»։