Վախճանվել է քաղաքական գործիչ Արտակ Դավթյանը։ Լրագրող Հրանտ Սաֆարյանը գրում է․ «Պարոն Դավթյանի վերջին հարցազրույցը երկու տարի առաջ էր՝ պատերազմի բոթին չորս ամիս էր մնացել։

Արդեն վատառողջ էր, իսկ պատերազմից հետո մեր զրույցներն այլեւս եթերի համար չէին։ Չէր հաշտվում իրականության հետ, ասում էր՝ արդեն ամոթ էլ է խոսելը, ի՞նչ ասես, պիտի կարողանաս անել։

Հաճախ էինք հանդիպում Բաղրամյան փողոցում, երկուսիս ամենօրյա ճանապարհներն էլ այդ ուղղությամբ էին, իսկ զրույցները գնալով ավելի հակիրճ էին դառնում. մի կողմից չարաբաստիկ հիվանդությունը, մյուս կողմից՝ չարաբաստիկ իրականությունը մոմի պես հալում էին ու մաշում։

Ու վառվեց մինչեւ վերջ՝ վիրավոր Հայրենիքի ցավը սրտում: Մեր օրերում քիչ հանդիպող տեսակ էր՝ ականջահաճո խոսքերի փոխարեն՝ պիտի բոհեմական խաղաղությամբ ասեր ամենադառը ու խիստ իրականությունը՝ անկախ նրանից՝ դուր կգար համախոհներին, թե քաղաքական հակառակորդներին:

Նույնքան անվրդով հանդարտությամբ էլ թրի պես սուր հումորներ էր անում, իսկ քաղաքական սարկազմը մի ուրիշ կերպ էին համեմում խոսքը: Կարոտելու ենք շատ այսպիսի անհատականություններին՝ օր օրի տեսնելով մերօրյա քաղաքական մտքերի տկարությունը, որը զուտ հայհոյախոսությունն է դարձել:

Փնտրելու ենք դավթյանական թունդ ազգային, հայրենասեր գործչի կերպարն ու չգտնենք: Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, պարոն Դավթյան ջան»։