Արա Դեղտրիկյանի մահը մեծ կորստի պատճառ դարձավ նրա ընտանիքի, ընկերների և հանդիսատեսի համար։ 60-ամյա դերասանը թողեց իր անջնջելի հետքը հայկական թատրոնում՝ իր վառ դերակատարումներով և նվիրվածությամբ։Սիրված դերասան Արա Դեղտրիկյանի մահից օրեր անց նրա դուստրը՝ Մանան Դեղտրիկյանը իր սոցիալական ցանցում կիսվել էր հոր ասմունքի ձայնագրությամբ՝ գրելով․ «Իմ լույս պապա։ Ձայնդ միշտ հետս»։

Արա Դեղտրիկյանը ծնվել էր 1965 թվականի փետրվարի 14-ին։ Նա կրթություն էր ստացել Ն․ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում, ապա սովորել էր գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Նրա թատերական կարիերան սկսվել էր Երևանի պետական Համազգային թատրոնում, որտեղ աշխատել էր 1994-97 թվականներին։ Այնուհետև շարունակել էր իր գործունեությունը Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ այնտեղ աշխատելով շուրջ մեկ տասնամյակ։

Արա Դեղտրիկյանն իր տաղանդի շնորհիվ արժանացել էր բազմաթիվ պարգևների։ 2003 թվականին նա ստացել էր ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակը՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման Պինյոնի դերի համար։

Իսկ 2007-ին նրան պարգևատրել էին «Արտիստ» մրցանակով՝ Ա. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» ներկայացումներում ունեցած գլխավոր դերերի լավագույն կատարման համար։

Դերասանը ամուսնացած էր նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ և ուներ մեկ դուստր՝ Մանան Դեղտրիկյանը։
Արա Դեղտրիկյանի անունը մնալու է հայ թատրոնի պատմության մեջ՝ որպես տաղանդավոր, նվիրված և սիրված դերասան։