Վահե Տեր-Միանսյանը, անդրադառնալով բանակային ծառայության ենթադրվող փոփոխությունների նախագծին, իր հարթակում գրում է այսպես․ «Շուտով Ձեր երեխայի բանակում ծառայելու ժամանակահատվածը ուղիղ համեմատական կլինի Ձեր բանկային հաշվից։

Փաստորեն, ազգային արժեքներ ստեղծելու ու պահպանելու փոխարեն շարունակում ենք ամեն ինչ էժանացնել ու արժեզրկել։ Պետական ամենակարևոր խորհրդանիշներից մեկը՝ բանակը, դարձնելով գումար չունեցող երիտասարդների (և նրանց ծնողների) համար պատժարան:

Եթե ամբողջ խնդիրը պրոֆեսիոնալ բանակ պահելու համար անհրաժեշտ գումարն է, ապա այս հարցը կարելի է լուծել պատերազմական ժամանակի օրենքներով՝ օրինակ, ռազմական հարկ ներդնելով։ Երբ երկրի բոլոր քաղաքացիները հավասարապես իրենց մասնակցությունն են ունենում՝ անկախ իրենց երեխաների սեռից ու տարիքից։

Եվ այո, սահմանին կանգնած զինվորի ընտանիքի կարիքները պիտի ամբողջությամբ լինեն ապահովված։ Հ.Գ. Բանակ, սպառազինություն, զինվորի ընտանիք գաղափարները խնդրում եմ չխառնել գեներալների ամենագնացների ու դղյակների հետ»,- իր գրառումը եզրափակում է մտահոգ բժիշկը։