Այսօր ականավոր լեզվաբան Լալիկ Խաչատրյանը բոլորում է ծննդյան վաթսունութ տարին: Նա ժամանակակից առաջավոր լեզվաբաններից է, ով զբաղվում է արժեքավոր ուսումնասիրություններով ու հետազոտություններով, որոնք վերաբերում են հայոց լեզվի պատմությանն ու լեզվաբանությանն առհասարակ:

Լ. Խաչատրյանը ծնվել է Գավառում: Դպրոցական ուսումնառությունից հետո նա ավարտել է Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը: Մոսկվայում մասնակցել է օտար լեզուների հատուկ դասընթացի 1983-ից մինչև 1985 թվականները:

Նախ դասավանդել է Նորադուզի դպրոցում, իսկ 1982 թվականից ի վեր դասավանդում է Մանկավարժական համալսարանում:

Լ. Խաչատրյանի արժեքավոր ուսումնասիրությունների և աշխատասիրության շնորհիվ այսօր հրապարակում առկա է արժեքավոր գիտական և գիտահանրամատչելի գրականություն, որը վերաբերում է հին հայերենին, հայոց լեզվի պատմությանը, բառաշխարհի գաղտնիքներին և լեզվական այլ ուշագրավ իրողություններին:

Լ. Խաչատրյանն էական ավանդ ունի նաև ժամանակակից բառարանագրության ավանդների զարգացման գործում: Գիտական և մանկավարժական արդյունավետ և արժեքավոր գործունեության համար Լ. Խաչատրյանն արժանացել է բազմաթիվ մեդալների ու պարգևների: