Ն․ Փաշինյանի հերթական ելույթը դարձյալ տարակարծությունների առիթ է դարձել, քանի որ այնտեղ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական կողմի հետ սահմանազատման պատրաստակամության մասին էր խոսվում։ Այս առիթով հայտնի գործիչներից Նարինե Դիլբարյանը գրում է հետևյալը․ «Աբսուրդի տապարով տաշած տրամաբանությունը.

Փաշինյանի այսօրվա ձևակերպումները Էրդողանի առաջ քաշած նախապայմանների մասին ուղղակի ցնցիչ են, սեպտեմբեր 21-ի գունագեղ տոնակատարության և զոհաձոնման ոգով, հայկական պետության շահերն ակնհայտ ոտնահարող հայտարարություններում պետք է կարողանալ տեսնել հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:

Ոչինչ, որ Թուրքիան բնավ չի խոսում հայ- թուրքական երկաթուղու մասին, այլ նոր երկաթուղի է կառուցում՝ միանալու Նախիջևանի երկաթուղու հետ և Սյունիքի չարաբաստիկ միջանցքով կամ Փաշինյանի նախըտրած երփնագեղ ձևակերպմամբ՝ ուղիղ հաղորդակցություն ստանալով Ադրբեջանի հետ:

Այո՛, համաթուրքականության ծրագրերին պետք է այսպես աջակցել, ի սրտե, համառ, հետևողական՝ ի հեճուկս իրականության»: