Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների օղակը շարունակում է սեղմվել։ Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ դեսպանատունը իր ռուսաստանաբնակ քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ մեկնել, քանի դեռ քաղաքացիական ավիացիոն ծառայությունը հասանելի է։

Առաջիկայում սպասվում են էլ ավելի սուր զարգացումներ, որոնք մինչ այս այդքան էլ կանխատեսելի չէին։ Լրագրող Կարեն Ասլանյանը առաջիկա զարգացումների մասին հետևյալն է գրում․ «Ուկրաինայի իշխանությունները հերքում են, թե Կիևը շրջափակված է:

Եվրամիությունը 450 միլիոն եվրոյի զենք է ուղարկում Ուկրաինա: Շվեյցարիան իր հերթին մի քանի տասնյակ միլիոն դոլարի զինամթերք, հակատանկային միջոցներ է տրամադրում Կիևին: Եվրամիությունն այսօր արդեն ամբողջությամբ փակել է օդային տարածքը Ռուսաստանի համար, մի շարք այլ երկրներ՝ այդ թվում Կանադան միացել են՝ արգելելով ռուսական օդանավերի թռիչքները:

Մասնագետների կանխատեսումներով՝ առավոտյան, երբ բացվեն բորսաները, սկսվելու է ռուբլու «ազատ անկումը». ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցները»,- իր գրառումը եզրափակել է Կարեն Ասլանյանը։