Գրող Սարգիս Հովսեփյանը գրում է․ «Նոր նախագծով աղքատներն ու հարուստները միասին կգնան բանակ, դաշտային պայմաններում կծանոթանան իրար հետ, կշփվեն, կտան-կառնեն մի թեթև, այնուհետև հարուստները կվճարեն ու կգնան տուն, իսկ աղքատները կշարունակեն պաշտպանել հարուստների անվտանգությունն ու խաղաղ քունը, ապահովության զգացում կպարգևեն ու թույլ չեն տա խաթարվի վերջիններիս անդունդը։

Կարևոր է, որ արդեն կիմանան ում են պաշտպանում, վերջը մի բակլաշկից ջուր են խմել միասին։ Կարող են, իհարկե վարկ վերցնել, իրենք էլ գնալ տուն, որից հարուստներն էլ ավելի կհարստանան ու էլ ավելի շատ պաշտպանության կարիք կունենան, բայց դա խնդիր չի, կարևորը, որ իրար հետ արդեն մի բակլաշկից ջուր են խմել։

Ու հետո եթե հոգեբանական առողջություն, ոգի ու հավես մնա, երկիրն էլ կպաշտպանեն։ Եվ ոչ ոք չի մտածի հենց սկզբից տղա երեխեքին հանել երկրից, որովհետև մարդիկ ըմբռնումով կմոտենան իրավիճակին, ոչ ոք չի տրտնջա, որովհետև բակլաշկի ջուրը հայրենիքի ջուրն էր, ի վերջո։

Հ․Գ․ Մենակ չասեք՝ էն ժամանակ էլ էին ազատվում փողով․ Էն ժամանակ դա անօրինական էր, ով գոնե մի քիչ բարոյականություն ուներ դրանով գլուխ չէր գովում ու թաքցնում էր։ Եթե տարբերությունը անհասկանալի ա, ցանկություն չունեմ քննարկելու»։