Ալ․ Լապշինը շարունակում է իր ակտիվ ու ճանաչողական ճանապարհորդությունները, որոնց ընթացքում տարբեր հետաքրքիր վայրեր է այցելում, հետաքրքիր մարդկանց է հանդիպում՝ այդ մասին պատմելով նաև համացանցում։

Բլոգերի հերթական այցը եղել է Չեռնոգորիա, որտեղ նա հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ ու ղեկավար Աննա Դավիթի հետ։ Լապշինը մեծ պատկառանքով ու հիացմունքով է խոսում Աննայի և նրա իրականացրած գործունեության մասին։

Լապշինը նաև լուսանկար է տեղադրել իր և Աննայի մասնակցությամբ՝ գրելով․ «Շնորհակալություն հիանալի երեկոյի, ընկերակցության և այն, ինչ անում եք, Աննա ջան: Այստեղ պետք է ընդգծել, որ Չեռնոգորիայի հայ համայնքը, հավանաբար, ամենաերիտասարդն է աշխարհում:

Իհարկե, նախկին Հարավսլավիայում ևս հայեր կային, բայց կոնկրետ անկախ Չեռնոգորիայում նրանք հայտնվեցին արդեն 2000 -ականներին: Ուկրաինայից և Ռուսաստանից շատերն են այստեղ տեղափոխվել՝ ապրելու ծովի ափին, շրջապատված Բալկանյան գեղեցիկ բնությամբ, ինչպես նաև բիզնեսով զբաղվելու զբոսաշրջության և ներդրումների ոլորտում»: