Նախօրեին իր գործունեությունն է սկսել «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որի նպատակն է շարունակել Հայկոյի արժեքավոր ստեղծագործությունների հանրահռչակումը և երաժշտի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը։

Բացի այդ, հիմնադրամը նախատեսում է իրականացնել մի շարք մշակութային ու կրթական ծրագրեր, որոնց մեկնարկը արդեն իսկ տրվել է։

Ամռանը նախատեսվում է Հայկոյին նվիրված համերգների շարք կազմակերպել, որոնց մեկնարկը կտրվի օգոստոսի 25-ից։

Աշնանը համերգների շարքը կկազմակերպվի նաև Ամերիկայում։ Առաջիկայում ծրագրվում է նաև նոտագրել Հայկոյի ստեղծագործությունները՝ դրանք նաև թղթային տարբերակով հասանելի դարձնելով երաժշտասեր հանրությանը և երաժիշտներին։

Հիմնադրամի ղեկավարը երգչի եղբայրն է՝ Վահեն։ Հիմնադրամի աշխատանքների մեկնարկի մասին տեղեկացնող հավաքին մասնակցել են երաժշտության և առհասարակ մշակութային աշխարհի հայտնի ու հեղինակավոր դեմքերը։

Հրապարակված լուսանկարներում կարելի է տեսնել երգչի տղային, նրա ընկերներից Սիրուշոյին ու նրա մայրիկին, նախկին կնոջը, բոլոր այն անձանց, ովքեր որևէ շրջանում համագործակցել են երաժշտի հետ։