Այսօր անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի քսան տարին կլրանար։ Նրա ծննդյան օրվա առիթով նախ հայրն էր սրտառուչ հրապարակում արել՝ տրվելով հիշեղություններին։

Հետո իր ապրումներով ու հիշեղություններով կիսվել է նաև Ալբերտի հորեղբայրը՝ Գառնիկը՝ տեղադրելով իր և Ալբերտի տարբեր տարիների լուսանկարներ։

Գառնիկ Հովհաննիսյանը գրում է․ «Ա՜բս։ Ո՞նց էիր ասում, Հո՞պ, գիտե՞ս հոպդ քեզ ինչքան ա կարոտել, գիտե՞ս ոնց եմ ուզում գրկեմ քեզ։

Ախր ինչեր էինք պլանավորել, մեկ էլ էն Աբուլը՝ իմ համեստ, բոլորին հասնող Աբուլը` Հերոս Ալբերտ Հովհաննիսյան։ Այժմ մենք «ապրում ենք» քո ու մեր մյուս հերոսների կյանքի գնով` պարտքի զգացումով։

Անձամբ ես քեզ պարտք եմ հզոր ու ամբողջական հայրենիք, պարտքս պիտի մինչև կյանքիս վերջ փորձեմ մարել, իմ ամենօրյա աշխատանքով ու ինձ վստահված բնագավառում անում ու անելու եմ ամեն ինչ, որ չամաչեմ նայել աչքերիդ:

Ամեն օր դու ինձ դիմավորում ես իմ աշխատասենյակում ու հիշեցնում, որ իրավունք չունեմ սխալվելու, որ պիտի արժանի լինեմ քեզ՝ իմ անգին գանձ, իմ ուժեղ, դուխով, անվախ ախպեր, իմ, իմ Աբս։ Կարոտից ու անզորությունից խեղդվում եմ։

Շնորհավոր 20 ամյակդ, դու արել ես անհնարինը , դու հաղթել ես։ Խոնարհվում եմ»։