Երգիչ, երգահան Ազատ Աբրահամյանը գրում է․ «ՀՀ քաղաքացի եմ: Լինելիությունս՝ պարտավորության նման մի բան է դարձել: Լույս է, բացվում է, գոյությունն՝ ինքն իրեն ժամանակ է գլորում,օրն՝ ինքն իրեն հոսում, հասնում է գիշերաժամի, անկողինը մի քանի կիսատ-պռատ ժամեր է քնեցնում, հետո լույսն էլի բացվում է, գոյությունն էլի։

Մազալու արարած է մարդը: Համ դիմանալ ու հանդուրժել գիտե, համ էլ, երբեմն-երբեմն, ինքն իր վրա հռհռալ, թե ի՜նչ դիմադրողականություն ունի, որ, արի ու տես, էդքանից հետո չի ցնդում: ՀՀ քաղաքացի եմ։ Հարցս հետևյալն է.

-Որտե՞ղ է իմ պետությունը: Կային ժամանակներ, երբ էս հարցի պատասխանը հպարտորեն էի արտաբերում: Էսօր խուսափում ու ամաչում եմ։ Հազարավորների шրյան գնով «հպարտ քայլելու» իրավունք վաստակեցինք, էսօր դռներս բացել ենք, թե՝ ներս հրամեցեք, ծաղրե՜ք, հռհռացե՜ք, նվաստացրե՜ք, մենք խաղաղասեր ենք, ախպերություն ենք ուզում:

-Որտե՞ղ է իմ պետությունը, ժողովուրդն ու՞ր է գնացել, իրո՞ք «մի փոր հացի» ժողովուրդ ենք։ Աշխարհի կարգն է. «Չսովորեցիր քոնն ինքդ գնահատել, չսովորածիդ արժեքն իմացողները շռայլորեն կգնահատեն»։ Քոչվորներն էս սկզբունքով են «ազգ ու պետություն» դառնում, և հակառակը։ Հիմա էդ «հակառակի» դռանը կանգնել, էլի նու՜յն մեր ինքնատիպ թմրածությամբ, նու՜յն «առևտրական» աշխարհին մեկնվել ենք, թե մեզ հետ էլի ծեծուջարդ են անում, մեր տուն մտել չեն գնում, դեռ մի բան էլ մեզ են գող ու խաբեբա անվանում:

Հռհռում են մեզ վրա,նվաստացնում,մենք էլ, թե ու՞ր է մեր պետությունը։ Եղբայր,հիմա ես՝ ՀՀ քաղաքացի՞ եմ, թե՞ չէ: Ես իմ երկրու՞մ եմ, թե՞։ Աստված իր բոլոր միջոցներն օգտագործեց, որ մեզանից ժողովուրդ ու պետություն ստեղծի:

Քանի դար ապրեցինք, էդքան հետ գնացինք ու քչացանք, որովհետև մեր նյութականն արժևորեցինք, մեր աչքածակն ու անհագուրդը, պսպղան բաների հետևներից ընկած ուրացանք ու դավաճանեցինք, ուրիշներինը մեր փաղաքշանքի տակ առանք, մերն ասինք՝ տո լավ է՜, մեկ է երկիր չի դառնա: -Էս չե՞նք եղել։ Հիմա էլ ենք էս:

Էդ մեծ-մեծ խոսող քաղաքական միմոսությունները Գյուլնազ տատին պատմեք, բայց մի օր պատասխան՝ բոլորդ եք տալու։ Մեր ժողովրդի մեջ ջիգյարն ու անտարբերությունը ոնց որ մի տնից լինեն:Էնքան սիրով ու համերաշխությամբ են յոլա գնում, այ մարդ:

Ոնց ենք հայերս ասու՞մ. Մեջը բան կա՞,ասա մեջը բան լինի»։ Ու աշխարհի՝ անմե՜ղը, ազգասե՜րը, աստվածապաշտն ու աստվածավախը, ի՜նչ կա, չկա՝ մենք ենք. — Վայ ադրբեջան ու թուրքիա՜, հայի բախտ ու արդարությու՜ն,վա՜յ-վա՜յ։ -Էս ի՞նչ անսիրտ,չշախվող աշխարհ ա։ Մի հատ ինքնաչափալախվեք, այ մարդ: Էս գործ չի, որ անում եք:

Ժամանակ գլորելու համար չենք էկել էս անտերուդուրս աշխարհ: Համբերությունն էլ անկանխատեսելի բջիջներ ունի, որ մեզանում չնայած մի քիչ մուզ-մուզ են գռգռվում, բայց փոխարենը հաճույքն է հետո անմոռանալի հուշեր պարգևում»։