Գարեգին Միսկարյանը գրում է․ «Նայում եմ Ռուսատանի մոբիլիզացիան ու զուգահեռ եմ տանում 2020-ի մեր մոբիլիզացիայի հետ։ Կազմակերպվածության, ավելի ճիշտ անկազմակերպ լինելու տեսանկյունից գրեթե նույնն են։ Եվ դա ունի տրամաբանական բացատրություն. նույնն են, որովհետև կազմակերպիչները նույն «դպրոցի», ռազմական արվեստի նույն «հնոցի» շրջանավարտներն են, օգտվում են նույն գործիքակազմից, որը հենված է նույն փիլիսոփայության վրա` մարդը արժեք չէ։

Հայկական բանակի փիլիսոփայությունը փոխելու ժամանակը, անխոս, նոր չի եկել, բայց գոնե հիմա պետք է այն իրականացնել։ Պետությունը և, առավել ևս, նրա անվտանգային համակարգը պիտի կառուցվի գաղափարական մեկ առանցքի վրա` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։

Դրա վրա պիտի կառուցվի ամբողջական «Ոգեզեն» համապարփակ անվտանգության համակարգը։ «Ոգեզենի» շրջանակներում պետք է անցնել Տարածքային պաշտպանության մոդելին։ Երկամյա պարտադիր ժամկետային զինծառայությունը պետք է փոխել վեց ամսյա պարտադիր զինվորական պատրաստության տղաների և աղջիկների համար։

Սահմանային պաշտպանության և վերահսկման համակարգերը պիտի մաքսիմալ ավտոմատացվեն, որպեսզի խաղաղ ժամանակ հնարավորինս քիչ մարդկային ռեսուրս ծախսվի դրա վրա։ Պատերազմի ժամանակ ամբողջ ժողովուրդը պիտի ներգրավված լինի անվտանգային ամբողջական համակարգի մեջ, որպես տարածքային պաշտպանության մաս։

Բոլոր քաղաքացիները տարվա մեջ երկու կամ երեք շաբաթ պիտի մասնակցեն զորահավաքների, զորահավաքների պիտի կրեն մշտական բնույթ։ Սահմանի ամբողջ պարագիծը պիտի կահավորված լինի ամրակառույցներով և ստորգետնյա թաքստոցներուվ։

Բոլոր նորակառույց շենքերը, շինությունները պիտի ունենան պարզ և բարդ թաքստոցներ։ Բոլոր կոմունիկացիաները, ենթակառուցվածքները պիտի նախագծվեն և կառուցվեն պատերազմի մշտական սպառնալիքի հաշվարկներով»։