«Հնարավորություն տվեց տեսնել ավելին, քան սեփական միջավայրն է, քան սեփական երևակայությունն է․․․»

Դիանա Գրիգորյանը գրում է․ «Տասնյակ տարիներ առաջ բարեբախտորեն ստեղծվեց մի փոքրիկ «տուփ», որը հնարավորություն տվեց տեսնել ավելին, քան սեփական միջավայրն է, քան սեփական երևակայությունն է։ Այն «ստիպեց» մարդուն ունենալ ավելի մեծ երազանքներ։ Այդ փոքրիկ հրաշագործ «տուփը» կամրջեց աշխարհի բոլոր կետերը՝ մշակույթով, կենցաղով, սովորույթներով ու սոցիալական խնդիրներով, դարձավ տեղեկատվության մեծ հոսքի աղբյուր։

Ահա, թե ինչ մոգական ազդեցություն ուներ և շարունակում է ունենալ հեռուստատեսությունը մեր կյանքում՝ անկախ ժամանակակից մրցունակ այլ գործիքների։ Այն եղել և մնում է մարդու հին բարեկամն ու ընտանեկան ջերմ երեկոների հավատարիմ ընկերը։ Այն գիտական ու տեխնիկական նվաճումներից կարևորների շարքում է, որ հետզհետե դարձավ նաև արվեստի սպառման միջոց։

Եվ կրկնակի հաճելի է այն փաստը, որ երկգույն հեռուստատեսային առաջին համակարգի հեղինակը հայ ճարտարագետ Հովհաննես Ադամյանն է 1907 թ–ին։ Հենց նա է, որ հետագայում՝ 1925 թ–ին պատրաստել է «Հեռատես» առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախատիպն է։

Տարիների ընթացքում, բնականորեն, ոլորտում գրանցվել են նոր ձեռբերումներ գյուտարարներ Վլադիմիր Զվորիկինի, Ջոն Լոջի Բեյրդի և շատերի կողմից։ Հայաստանում առաջին հեռուստատեսային հաղորդումը եթեր է թողարկվել 1956 թ–ին՝ հիմք դնելով մեծ ապագայի համար։ Այսօր այդ ապագան առավել քան շոշափելի է։

Ուստի ողջ սրտից շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս, հեռուստատեսության առաջամարտիկներին, հնաբնակներին ու ոլորտում իրենց առաջին քայլերն անող սկսնակներին։ Մաղթում եմ, որ հեռուստատեսային արվեստն օրեցօր զարգանա ու առաջ շարժվի, որպեսզի ստեղծվեն էլ ավելի դիտարժան ու որակյալ տեղեկատվական, սոցիալական հաղորդաշարեր, թանկ ու գնահատելի վավերագրություն, երգիծական թեթև նախագծեր և կենցաղային ժամանցն ապահովող հեռուստասերիալներ՝ արդարացնելով հեռուստադիտողի ակնկալիքներն ու սպասելիքները»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: