Արեն Ապիկյանը գրում է․ «Հիմա հազարավոր ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ և այլ ազգերի մարդիկ են տեղափոխվում Հայաստան ժամանակավոր ապաստարան գտնելու համար, կամ աշխատելու: Դա շատ երկար չի տևի, պատերազմը հենց վերջանա, մեծամասնությունը կվերադառնա իրենց երկրներ: Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ գնան լավ տպավորություններով, լավ զգացմունքներով հայերի և Հայաստանի մասին:

Պետք է ամեն ինչ անել, որ նրանց ուղևորությունը և կյանքը Հայաստանում լինի հնարավորինս կոմֆորտային և հաճելի: Փորձեք օգնել նրանց ինչով կարող եք, կան բազմաթիվ օգնելու հնարավորություններ` տեղափոխման հարցեր, կացության հարցեր, փաստաթղթային, աշխատանք, մաքսային, բանկային, հարկային և այլն: Օգնեք նրանց չդառնալ խարդախների, ոչ բարեխիղճ տաքսիստների, բրոկերների և այլ հեշտ «փող բռնողների» զոհ:

Դա չի նշանակում, որ պետք չէ նրանց վճարովի ծառայություններ մատուցել: Հակառակը, պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցելուց կարելի է և պետք է գումար գանձել, դուք պարտավոր չեք անվճար աշխատել, ուղղակի «թիվ մի կրակեք», մի խաբեք: Գիտեմ, որ արդեն կան բազմաթիվ մասնավոր և նույնիսկ պետական նախաձեռնություններ, չատեր, խմբեր և այլն: Միացեք նրանց և օգնեք ինչով կարող եք:

Ինձ արդեն տասնյակ մարդիկ են դիմել, տարբեր հարցերով: Այդ մարդիկ գնալուց հետո, պետք է դառնան մեր բարեկամները և միշտ միայն լավ հիշեն Հայաստանի և հայերի մասին: Միշտ ուզենան վերադառնալ: Սա ունիկալ շանս է ձեռք բերել հազարավոր բարեկամներ, ընկերներ և «դեսպաններ» այդ երկրներում»: