Վերջին շրջանում բժշկական ոլորտի ներկայացուցիչներից ոմանք հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում, ուստի երբեմն նաև համեմատության եզրեր են տարվում նրանց միջև։ Այս առիթով լրագրող Վասակ Դարբինյանը գրում է․

«Քաղաքական որոշ շրջանակներ, հանրային դեմքեր, լրատվամիջոցներ, արդարության առաջամարտիկների խրոխտ հիմարությամբ աղմկողներ զուգահեռ են տանում Արմեն Չարչյանի ու Արտավազդ Սահակյանի միջև՝ նրանց ներկայացնելով որպես հեղափոխության զոհեր կամ վարչախմբի հալածյալներ:

Առավել մեծ անհեթեթություն, քան այս զուգահեռն է՝ դժվար է երևակայել: Ի՞նչ կապ կամ ընդհանրություն կարող է լինել իր ստորադասներին ընտրություններին մասնակցելուն հարկադրողի և իր կլինիկայի բնականոն գործունեությունը խոչընդոտելու դեմ պայքարողի միջև:

Հանցավոր արարքի մեջ մեղադրվողը և կամայականությունների դեմ պայքարողը ի՞նչ տրամաբանությամբ են դիտարկվում նույն հարթությունում: Որ երկուսն էլ բժի՞շկ են, երկուսն էլ ճանաչվա՞ծ են, կամ գուցե երկուսն էլ քիթուբերա՞ն ունեն։

Լավ, է՞ս մակարդակի դեմագոգիա: Է՞ս աստիճանի տխմարություն»,- իր ասելիքը եզրափակում է լրագրողը։