Վանաձորցի գրող Անուշ Սարգսյանը գրում է․ «Ամեն անգամ Վանաձոր մեկնելուց և Երևան վերադառնալուց հետո դառը մտորումներն ինձ հանգիստ չեն տալիս։ Ինչո՞ւ երբեմնի կանաչ ու հմայիչ քաղաքն այսպես գունազրկվեց, այսպես քայքայվեց։

Հոգատար ձեռքի կարոտ են գրեթե բոլոր անկյունները, կողք կողքի բսնած անճաշակ ու իրար հետ չներդաշնակվող կրպակներն ասես հին զգեստի կարկատաններ լինեն, որ թափվում են վրադ ամեն քայլափոխի։

Իսկ Լճերի տարածքը էդպես էլ մնաց խորհրդային ժամանակների պատանդ. այստեղ որևէ նոր բան չկառուցվեց, թերևս, բացի ռեստորաններից։ Իսկ լճափին գործող միակ մոհիկանը՝ սրճարանը, թախանձագին խնդրում է մի քանի հազար դրամի ներդրում, գոնե։

Սուրճը, որը դժվար է սուրճ անվանել, այստեղ մատուցում են տարբեր ժամանակներից մնացած ու իրար չճանաչող գավաթներով ու ափսեներով, կիսով չափ լիքը֊կիսով չափ դատարկ, կիսասառը֊կիսատաք։

Ու սա լավատեսի և վատատեսի խնդիր չէ բոլորովին։ Այլ՝ չպատկերացնելին՝ ակնհայտ։ Մի՞թե սա է Վանաձորը»։