«Երկրի այս աղետալի վիճակում նման ցուցամոլությունը ոչ միայն տեղին չէ, այլև տհաճ է․․․»

Աշոտ Տեր-Մինասյանը գրում է․ «Նախ նշեմ, որ ես էլ եմ դեմ Տրիոջ արձանի տեղադրմանը։ Երկրի այս աղետալի վիճակում նման ցուցամոլությունը ոչ միայն տեղին չէ, այլև տհաճ է։ Բայց գրառմանս բուն ասելիքը այլ է։ Արձանի շուրջ ծավալված վեճերի բառապաշարը մեկ անգամ ևս ստիպում է դիմել ՖԲ-ի ընկերներիս։

Հարգելինե՛րս, վիճե՛ք՝ որքան ուզում եք, քննադատե՛ք, մերժե՛ք կամ ընդունե՛ք, բայց գոնե մեր էջերում, որտեղ հիմնականում մտավորականներ են, պահպանե՛ք բարեկրթության տարրական նորմերը։ Այդ ի՞նչ հերոսություն կամ հաճույք է մարդկանց մասին գռեհիկ մականուններով խոսելը։

Ոչ միայն Ծառուկյանին, այլև որևէ քաղաքական կամ պետական անձի /պատգամավորից մինչև հին ու նոր նախագահներ ու վարչապետներ/ վիրավորական բառերով պիտակավորելը անընդունելի է։ Խոսքի ուժը հայհոյանքի մեջ չէ։

Ընդհակառակը՝ հայհոյողները, լինեն շարքային քաղաքացի, թե հատկապես քաղաքական առճակատման թևերի պատգամավորներ և այլ ներկայացուցիչներ, իրենց մտավոր սնանկությունն են ի ցույց դնում։ Չնմանվե՛նք այդպիսիներին և վատ օրինակ չծառայե՛նք հատկապես երիտասարդներին»։

Рейтинг
( 14 оценок, среднее 4.21 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: