Անմահացած հերոս Վահե Ղահրամանյանն այսօր կբոլորեր ծննդյան հերթական տարեդարձը, որը մեծ սիրով ամեն տարի նշում էր ծնողների հետ։ Այսօր Վահեի հարազատներն առանց նրա ֆիզիկական ներկայության են նշում զինվորական որդու տարեդարձը։

Վահեն սովորել էր Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմական կրթահամալիրում, իսկ հետո զինծառայության է անցել հայկական բանակում՝ փայլելով իր ռազմական գիտելիքներով ու կարողություններով։

Վահեն ընտանիքի երկու զավակներից կրտսերն էր։ Նվիրյալ զինծառայողը պատերազմի օրերին տանկիստ է եղել։ Վահեի ծննդյան օրվա առիթով Հայաստան աշխարհ ֆեյսբուքյան էջը գրում է հետևյալը․

«Մեր հերո՛ս, մեր լու՛յս Վահե, շնորհավո՛ր երկնային ծնունդդ։ Դու հայրենիքդ այնքան շատ էիր սիրում, որ կարող էիր այդ սիրով ապրել ու ապրեցնել բոլորիս, բայց, ավա՜ղ, ընտրեցիր բոլոր սերերից բարձրագույնը՝ կյանքդ զոհել հանուն հայրենիքիդ գոյության ու հանուն բոլորիս կյանքերի։

Շնորհակալ ենք քեզ, խոնարհվում ենք փառքիդ առաջ, հավերժ պարտական ենք քեզ»։