Այսօր մայոր Գարուշ Համբարձումյանը կդառնար 32 տարեկան․ ճանաչենք մեր հերոսներին

Մայոր Գարուշ Համբարձումյանն այսօր կբոլորեր ծննդյան երեսուներկու տարին։ Գարուշը ծնունդով Գեղարքունիքի մարզի Լուսակունք համանքից էր։ Գարուշը նախ սովորել է Լուսակունքի դպրոցում, հետո ընդունվել Վ․ Սարգսյանի անունը կրող ռազմական համալսարան։

Այստեղ Գարուշը սակրավորի մասնագիտություն է ստացել։ Լեյտենանտի զինվորական կոչումը ստանալուց հետո Գարուշը նշանակվել է նախ զորամասերից մեկի ինժեներասակրավորային դասակի հրամանատար, ապա նաև վաշտի հրամանատար։

Իր փայլուն զինվորական ծառայության համար Գարուշ Համբարձումյանի անունն ընդգրկված է եղել լավագույն սպաների և հրամանատարների անվանացանկում։

Գարուշն անմահացել է անցյալ տարվա ամռանը՝ իր ծննդյան օրվանից ընդամենը հինգ օր անց՝ Տավուշում հուլիս ամսին սկսված մարտական գործողությունների ժամանակ։ Գարուշն արժանացել է մարտական բարձրագույն շքանշանների ու պարգևների։

Երիտասարդ մայորն ամուսնացած էր։ Նա մեկ երեխայի հայր էր։ Մտերիմներն անսահման ափսոսանքով ու ցավով հիշում են, թե նա որքան նվիրված էր հայրենիքին ու ընտանիքին և ինչ ծրագրեր ուներ ապագայի համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: